Նոր Խարբերդում 17-ամյա տղայի սպանության դեպքով 4 անձ կալանավորվել է, 1–ը հետախուզվում է

Պարզվել է միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում 17-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել։ 4 անձ կալանավորվել է, 1 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել 6 երիտասարդի միջև։ Նրանցից մեկը` Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Պողոսյանը, դանակահարության արդյունքում մահացել է։ Դեպքի վերաբերյալ shamshyan.com-ն էլ գրել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը։
ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությամբ պարզվել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ.-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս.-ի միջև էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով լարված հարաբերություններ են ձևավորվել:
Պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով Ս.Ս.-ն իր համախոհների հետ գնացել է Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ.-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում` տուժող Դ․Պ-ին:
«Ս.Ս.-ն ընկերների հետ հարձակվել է Ս.Պ.-ի և վերջինիս ընկերների վրա։ Այդ ընթացքում Ս.Ս.-ի ընկեր Ա.Գ.-ն իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ.-ի ընկերոջ՝ Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ.-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,–հայտնում է ՔԿ–ն։
Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել, որ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր:
Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվող երիտասարդներից մեկի հորից, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։
Ծեծկռտուք ու դանակահարություն Նոր Խարբերդի գերեզմանոցների մոտ․ 17-ամյա տղան մահացել է
Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, միացվել են երիտասարդի սպանության վարույթին։
Ոստիկանությունը հայտնաբերել է դեպքերի հետ առնչություն ունեցող ավտոմեքենաներից երկուսը և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Մյուսները հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։
Պարզվել է միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։
Նախաքննությունը շարունակվում է։