ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները ցանկանում են սահմանափակել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն ու գովազդը։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Նա ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքերի կստեղծվեն մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման համար։
«Հանրության շրջանում բավականին մեծ անհանգստություն կա` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ, ինչպես նաև առողջապահության նախարարությունը հրապարակեց, որ դեռահասների մոտ 40 տոկոսն օգտագործում է դրանք։ Էներգետիկ ըմպելիքների անբարենպաստ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա լիովին ուսումնասիրված է, սակայն հայտնի չէ դրա սպառման վտանգը մեծ քանակության կամ պարբերաբար օգտագործման դեպքում»,– հայտարարեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ այս ըմպելիքները առողջ սննդակարգի համար չեն պարունակում անհրաժեշտ որևէ սննդանյութ և, հետևաբար, արդարացված է դրանց սահմանափակումը։
Նախագծով սահմանվում է` ինչ է էներգետիկ ըմպելիքը, ինչպես նաև սահմանափակվում է մինչև 18 տարեկանների համար վաճառքը` ավտոմատ սարքավորումներով կամ տեխնիկական այլ միջոցներով։
Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այս սահմանափակումները խախտելու համար։
Ղազարյանի խոսքով` նախագիծը քննարկվել է շահառու տարբեր կողմերի հետ, ինչպես նաև հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։
Հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ այս նախագիծը ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: