ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի լրագրողներին զրկում են Արևմուտքում աշխատելու հնարավորությունից, այսպիսին է խոսքի ազատության եվրոպական տարբերակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Առաջին ալիքի հաղորդավար Վալերիա Կորաբլյովան ավելի վաղ եթերում հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները փակում են Առաջին ալիքի գերմանական բյուրոն, իսկ հեռուստաալիքի թղթակիցը և օպերատորը դեկտեմբերի առաջին կեսին ստիպված կլինեն լքել երկիրը: Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագներն ավելի ուշ հայտարարեց, որ Գերմանիան քայլեր չի ձեռնարկել Բեռլինում Առաջին ալիքի մասնաշենքի փակման ուղղությամբ, և հավատարմագրված ռուս լրագրողները կարող են շարունակել աշխատել Գերմանիայում, խնդիրը կարող է կապված լինել վիզաների հետ։
«Ռուսական հեռարձակողներին զրկում են հեռարձակումից։ Մեր լրագրողներին թույլ չեն տալիս աշխատել, նրանց զրկում են հավատարմագրերը երկարաձգելու հնարավորությունից։Ահա ինչպիսին է խոսքի ազատությունը եվրոպական ձևով», - ասել է Պեսկովը Առաջին ալիքին՝ մեկնաբանելով գերմանական իշխանությունների որոշումը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գերմանիայում ռուսական Առաջին ալիքի մասնաշենքի փակումը խոսքի ազատության պայքարի անվան տակ գրաքննության հերթական դրսևորումն է: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հայելային միջոցներ է ձեռնարկել գերմանական ARD մեդիախմբի մոսկովյան ներկայացուցչության լրագրողների նկատմամբ։ Գերմանացի 2 լրագրողի հանձնարարվել է հանձնել իրենց հավատարմագրման վկայականները և սահմանված ժամկետում լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը: