Լիբանանում իսրայելական գործողության զոհ է դարձել բուժծառայությունների 200 աշխատակից

Լիբանան
Պատերազմի ընթացքում վնասվել է 100 բուժկենտրոն, ոչնչացվել է 170 շտապօգնության մեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լիբանանի առողջապահական համակարգը կորցրել է 200 աշխատակից։ Նրանք սպանվել են իսրայելական ռազմական գործողության ընթացքում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավար Բիլալ Աբդալլահը:
«Սպանվածների թվում կան բժիշկներ, սանիտարներ և բուժակներ։ Հանձնաժողովը միջազգային կազմակերպություններին ուղերձ է հղել իսրայելական ագրեսիան արձանագրելու համար», - ասել է Աբդալլահը։
Պատգամավորի խոսքով` ամենավտանգավոր շրջաններում՝ երկրի հարավում, Բեյրութի հարավային արվարձանում և Բաալբեկ-Հերմել նահանգում, պատերազմի ընթացքում փակվել է 13 հիվանդանոց, վնասվել է 100 բժշկական կենտրոն, ոչնչացվել է 170 շտապօգնության մեքենա։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։