ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Telegram-ի պաշտոնական ալիքում Իրանի ԱԳՆ–ի հրապարակած հայտարարության մեջ։
Նոյեմբերի 26–ի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի համաձայնագիրը։
«Մեր երկրի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, ողջունելով Լիբանանի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայի ավարտի մասին հաղորդագրությունը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռական աջակցությունը կառավարությանը, ժողովրդին և Լիբանանի դիմադրության ուժերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաղային «ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու և արդյունավետ ճնշում գործադրելու հարցում Իսրայելի ագրեսիվ ռեժիմի վրա՝ Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու համար»:
ԱՄՆ-ի առաջարկած կարգավորման ծրագրի համաձայն՝ լիբանանյան բանակը առաջիկա 60 օրվա ընթացքում պետք է տարածքներ զբաղեցնի երկրի հարավում, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է դուրս բերվեն Լիտանի գետից դեպի հյուսիս։ Գետը տարբեր տարածքներում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա։ Այդ ընթացքում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը հարևան երկրի տարածքից։