Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովա
Ռուս դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան պետք է համաձայնություն տա իր կողմից մատակարարված զենքը երրորդ կողմին փոխանցելուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ enikos.gr պորտալը հայտնել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։
Զախարովան նշել է, որ տեղյակ է հաղորդագրություններին՝ միաժամանակ հիշեցնելով ռազմատեխնիկական համագործակցության (1995թ.) և ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման (2013թ.) երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:
«Դրանք միանշանակ արգելում են մեր մատակարարած ռազմական տեխնիկայի՝ առանց Ռուսաստանի համաձայնության վերաարտահանումը։ Բայց այս պահին հունական կողմից ոչ մի դիմում չի ստացվել», - ասել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Ավելի ուշ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ պաշտպանության ոլորտում իր երկիրը կհամագործակցի Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձը: