«Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել Գեղամ Նազարյանի հարցը. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղարի խոսքով` երբ քննարկումը լինի, հանդես կգան հատարարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել` կդիմի՞ պատգամավոր Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու խնդրանքով, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԶԼՄ–ներն այսօր տեղեկություն հրապարակեցին, որ չի բացառվում` խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
Վիետնամում արված լուսանկարը
«Մեր ներքին կանոնների համաձայն` ցանկացած հարց, որ վերաբերում է խմբակցության պատգամավորի վարքագծին, այդ թվում նաև մամուլի միջոցով հրապարակվող կամ ուղիղ խոսքով ասված, ենթակա է քննարկման։ Երբ քննարկումը լինի, մենք հանդես կգանք հատարարությամբ»,–Sputnik Արմենիային ասաց Արծվիկ Մինասյանը։
Գեղամ Նազարյանը, սակայն, Tert.am–ի հետ զրույցում հերքել է թե՛ մամուլում տարածված լուրը, և թե՛ այն, որ խմբակցությունում քննարկվելու է իր հետ կապված այս հարցը:
«Ես խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, մյուսների հետ ևս նման խնդիր չկա, որ քննարկվի: Նման հարց գոյություն չունի»,- ասել է Նազարյանը:
Հավելենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԶԼՄ–ներին հայտնել էր, որ ի պատիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պետք է ասի, որ լուսանկարը հրապարակելուց առաջ նա իրեն հարցրել էր` դնի՞, թե՞ ոչ, ինքն էլ պատասխանել է` ինքը թաքուն նկարվողներից չէ, եթե նկարվել են, Սիմոնյանը հանգիստ կարող է հրապարակել լուսանկարը։