ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում անցկացնելուց հրաժարվելը վնասում է երկրի հեղինակությունը։ Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի խնդրանքով, որը նախագահում է այս տարի ԵԱՏՄ-ում, կկայանա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։
«Սա ԵԱՏՄ արդեն երկրորդ գագաթնաժողովն է, որ Հայաստանում չի անցնում նրա նախագահության ժամանակահատվածում։ Սա լուրջ հարված է մեր երկրի հեղինակությանը»,– նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքով` իրավիճակն առավել ցավոտ է ընկալվում Ռուսաստանից և Եվրասիական միությունից Հայաստանի տնտեսական կախվածության լույսի ներքո։
«Հայաստանի տնտեսությունը նախկինում երբեք այսքան կախված չի եղել Ռուսաստանից, ինչպես հիմա, ինչի մասին վառ կերպով վկայում են արտահանման տվյալները։ Ընդ որում, երկրում ներքին արդյունաբերություն գրեթե չի մնացել. իշխանությունները կործանել են տնտեսությունը», – հայտարարել է ընդդիմադիրը։
Գագաթնաժողովի անցկացումից հրաժարվելը, Խաչատրյանի կարծիքով, անմիջական կապ ունի Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ։
«Մի կողմից՝ վավերացնելով ստատուտը՝ Հայաստանը պարտավոր է կատարել դրա պահանջները։ Մյուս կողմից՝ հավանաբար նախաձեռնությունը գալիս է Մոսկվայից՝ իբր՝ ընդունել եք Հռոմի ստատուտը, հիմա ինքներդ դուրս եկեք ստեղծված իրավիճակից», – ենթադրել է նա։
Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում։ Բացի գագաթնաժողովը հյուրընկալողից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից, միջոցառմանը կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը։
Ավելի վաղ Երևանը սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, քանի որ, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կազմակերպությունը սպառնալիքներ էր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Սակայն Հայաստանը կազմակերպությունից դուրս գալու կոնկրետ որոշում չի կայացրել։