ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 450 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Անցակետը հատելու հերթում ընդհանուր 1370 տրանսպորտային միջոց կա, որոնցից 446-ը հայկական են։
Բեռնատարների կուտակումների պատճառն այն է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան պատճառով։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: