ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Վենեսուելայի կառավարությունը և ռուսական Sputnik գործակալությունը հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նախօրեին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագրի տեղակալ, Sputnik Дальнее Зарубежье-ի ղեկավար Օլգա Լիսոգորը և Լատինական Ամերիկայի երկրների հետ աշխատանքի վարչության պետ Դարյա Յուրևան հանդիպել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ վերջինիս «Մադուրոյի հետ+» հեռուստածրագրի շրջանակներում: Մադուրոն ողջունել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունը գլոբալ Հարավի երկրներում մեդիայի ամրապնդման համար:
Փաստաթուղթը ստորագրել են Վենեսուելայի հաղորդակցությունների նախարար Ֆրեդի Նյանյեսը և Օլգա Լիսոգորը: Արարողությանը ներկա էին նաև Վենեսուելայում ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը և այլ պաշտոնատար անձինք:
Լիսոգորը նշել է, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար: Այն ենթադրում է Վենեսուելայում Sputnik-ի գրասենյակի բացում և գործակալության ռադիոծրագրերի գործարկում։