ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերն ամերիկյան արտադրության 8 ATACMS հրթիռ են արձակել Կուրսկ-Վոստոչնի օդանավակայանի ուղղությամբ։ 7 հրթիռ է խոցվել, 1-ը հասել է թիրախին։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«2024 թվականի նոյեմբերի 25-ին Կիևի ռեժիմը ևս մեկ հարված է հասցրել 8 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով Կուրսկ-Վոստոչնի (Խալինո բնակավայր) օդանավակայանին։ Յոթ հրթիռ խոցվել է Ս-400 և «Պանցիր» ՀՕՊ համակարգերի մարտական հաշվարկների կողմից, մեկը հասել է թիրախին։ Հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, աննշան վնասվել են ենթակառուցվածքների օբյեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ նախապատրաստում է պատասխան գործողություններ Կուրսկի մարզի օբյեկտների վրա ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին երեք օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն արևմտյան հեռահար զենքով երկու հարված են հասցրել Կուրսկի մարզի օբյեկտներին. նոյեմբերի 23-ին ամերիկյան արտադրության 5 ATACMS հրթիռներով հարված է հասցվել Լոտարևկայի շրջանում Ս-400 զենիթահրթիռային դիվիզիոնի հենակետին:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։