Պուշկինյան վայրերով. Հայաստանում հավաքվել են ԱՊՀ երկրների ռուսագետները

Վիկտորյա Դերիպասկոն ելույթ է ունենում համաժողովում
Երևանում մեկնարկել է «Ռուսաց լեզուն առանց սահմանների. Ա. Ս. Պուշկինի ժառանգությունը և Պուշկինի ավանդույթները ռուս գրականության մեջ» խորագրով ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասավանդողների միջազգային համաժողովը:
Sputnik
Նախկին խորհրդային 7 հանրապետություններից ռուսագետների եռօրյա հավաքը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ծրագրով Հայաստանի մայրաքաղաքում անցկացնում է Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան պետական հետազոտական համալսարանը:
Բուհի ռեկտոր Օլեգ Տրոֆիմովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է ոչ միայն մասնագետների համար միջոցառման մասնագիտական կարևորության, այլև այն մասին, թե ինչպես է մարդկային շփումն ամրապնդում ժողովուրդների միջև կապերը։
Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասավանդողների միջազգային համաժողովը Հայաստանում
Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից Պուշկինի ավանդույթների հետազոտողները հայտնվել են Հայաստանում, ինչպես ժամանակին ռուս մեծ բանաստեղծը՝ ստեղծագործական գործուղմամբ: Այս ուղևորությունից հետո ի հայտ է եկել նրա հայտնի «Ուղևորություն դեպի Էրզրում» արձակ գրվածքը։
«Ռուսաց լեզուն խորը ավանդույթներ է, հարուստ մշակութային ժառանգություն։ Աշխարհի շատ երկրներում մեծ թվով մարդիկ շարունակում են շփվել ռուսերենով։ Մեզ համար լեզուն կարևոր է, և մենք՝ այն կրողներս, առավելագույն ջանքեր կգործադրենք, որպեսզի ռուսաց լեզուն զարգանա և տարածվի», - ասել է Տրոֆիմովը։
Համաժողովը կազմակերպել է Ն.Ի. Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի ազգային հետազոտական համալսարանը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: