ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծայրից ծայր «խազեր է քաշել» ԱԳՆ–ի գրեթե բոլոր ծառայողական մեքենաների վրա՝ ընդամենը մի քանի բացառությամբ: Այս մասին գրում է «Փաստ» թերթը` հղում անելով կառավարության իր աղբյուրին։
Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել, ըստ այդմ՝ ներկայացուցչական մեքենաները անհրաժեշտություն են: Սակայն Փաշինյանը հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել էր, որ վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր է քաշում այդ մեքենաների վրա։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։