ՆԱՏՕ–ն ձգտում է Կասպից ծովի հասանելիություն ստանալ. Բորտնիկով

Ալեքսանդր Բորտնիկով
ՌԴ ԱԴԾ ղեկավարը շեշտել է, որ ՆԱՏՕ–ի ռազմական սպառնալիքն անշեղորեն աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր մարտական ​​հնարավորությունները Սև ծովում և Կասպից ծովի հասանելիություն ստանալ, դաշինքն արագորեն ներխուժում է Արկտիկայի և Բալթյան տարածաշրջաններ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը։
Բորտնիկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական սպառնալիքն անշեղորեն աճում է։
«Դաշինքը ամրանում է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության սահմաններում, արագ տեմպերով ներխուժում Արկտիկայի և Բալթյան տարածաշրջաններ, ձգտում է ընդլայնել մարտական, հետախուզական և լոգիստիկ կարողությունները Սև ծովում և Կասպից ծովի հասանելիություն ստանալու ուղիներ է փնտրում»,- նշել է ԱԴԾ տնօրենը։
Նա հավելել է, որ ամերիկյան լաբորատորիաների ցանցը որոշ «կենսաբանական սպառնալիքների» հակազդելու պատրվակով իրականում ընտրովի կիրառման կենսաբանական զենք ստեղծելու ծրագրեր է իրականացնում։
Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։