ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Լարսը 2 ուղղություններով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, «Վերին Լարս» անցակետը նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։
Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: