ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում միջուկային զենքի տեղակայման հնարավորության մասին քննարկումներն անպատասխանատու են։ Դա ասում են նրանք, ովքեր վատ են հասկանում իրականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, թե իբր որոշ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներ առաջարկում են միջուկային զենքը վերադարձնել Ուկրաինային։
«Գիտեք` նույնիսկ ամենասադրիչ գիծը, որն ուղղված է լարվածության սրմանը, նման ծայրահեղական թև ունի։ Ահա, հավանաբար նման տեսակետն այդ ծայրահեղական թևին է վերաբերում։ Դրանք անպատասխանատու քննարկումներ են այն մարդկանց կողմից, որոնք հավանաբար լավ չեն գիտակցում, վատ են պատկերացնում իրականությունը, և որոնք նվազագույն պատասխանատվություն անգամ չեն զգում նման հայտարարություններով հանդես գալիս։ Սակայն մենք տեսնում ենք, որ բոլոր այդ հայտարարություններն անանուն են»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով New York Times-ի հրապարակումը։
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։ Դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե զանգվածային ոչնչացման զենք օգտագործվի իր կամ իր դաշնակիցների դեմ, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում սովորական զենքի կիրառմամբ, որը կրիտիկական սպառնալիք է ստեղծում պետությունների ինքնիշխանության և ամբողջականության համար:
Միջուկային զենք կարող է կիրառվել, եթե Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ բալիստիկ հրթիռներ են օգտագործվել, հակառակորդը կիրառել է զանգվածային ոչնչացման զենք, ՌԴ–ի կարևորագույն պետական կամ ռազմական օբյեկտների վրա իրականացվել է հարձակում և հավաստի տեղեկություններ են ստացվել օդատիեզերական զանգվածային հարձակման և սահմանը հատելու վերաբերյալ։
Հիմնական ռազմական վտանգների թվում նշվում է նաև պոտենցիալ հակառակորդի կողմից հակահրթիռային պաշտպանության և հակաարբանյակային համակարգերի, ինչպես նաև հարվածային համակարգերի ստեղծումն ու տեղակայումը։ Ռուսաստանը ռազմական վտանգ է համարում նաև իր դեմ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը, որոնց չեզոքացումը կարող է միջուկային զսպում պահանջել։