ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Գազպրոմբանկի» դեմ կիրառած պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի կողմից գազի գնումների և երկրի էներգետիկ անվտանգության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց բանկի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների դեմ։ ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներ կիրառած ԵՄ երկրներ և այլ պետություններ ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումը «Գազպրոմբանկի» միջոցով կազմակերպվել է ռուբլով։
«Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում Թուրքիայի վրա։ Եթե մենք չենք կարող վճարել, չեն կարող ստանալ ապրանքը։ Մեզ գազ է հարկավոր ձմռան նախաշեմին մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար, գազ է հարկավոր արդյունաբերությանը», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Բայրաքթարը:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցներ են սահմանվել անցյալ տարի, սակայն բացառություն է արվել այդ երկրից մատակարարվող բնական գազի համար։
«Մենք ուզում ենք, որ ԱՄՆ-ն նույնպիսի բացառություն անի ռուսական բնական գազի հարցում»,- ասել է նախարարը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան «Գազպրոմից» ստանում է երկիր ներմուծվող գազի շուրջ 40%-ը։
Հիշեցնենք՝ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվրոպան բախվում է նոր էներգետիկ ճգնաժամի՝ գազի սպառվող պաշարների, ցրտի և «Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ պատժամիջոցներից հետո մատակարարումների հնարավոր սահմանափակումների ֆոնին։ Նշվում էր, որ գազի գինն այս տարի թանկացել է 45%-ով, իսկ Եվրոպայի գազի պաշարները արագ սպառվում են, քանի որ ցուրտ եղանակի պատճառով պահանջարկը մեծացել է: