Ընդդիմադիր «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության կողմնակիցների գլխավորած ցույցերի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև առաջին բախումներից հետո Պակիստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադում զորք է տեղակայել։ Տեղեկությունը հայտնում է «Geo» հեռուստաալիքը։
Պակիստանի նախկին վարչապետ, այժմ բանտարկության մեջ գտնվող Իմրան Խանի հիմնած «Թեհրիկ-ի Ինսաֆ» կուսակցությունը նոյեմբերի 24-ին համազգային բողոքի ցույց է սկսել՝ պահանջելով, որ երկրի իշխանությունները վերանայեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ազատ արձակեն քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Խանին։
«ՆԳՆ–ն հայտարարել է Իսլամաբադում պակիստանյան բանակի տեղակայման մասին։ Իշխանությունները խիստ ցուցումներ են տվել անվտանգության ուժերին՝ վճռական լինել քարոզիչների և կարգազանցների նկատմամբ՝ միաժամանակ թույլ տալով նրանց ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ տեղում գնդակահարել անկարգությունների մասնակիցներին», - հայտնում է հեռուստաալիքը։
Նախարարությունը Պակիստանի բանակին լիազորել է նաև պարետային ժամ սահմանել ցանկացած տարածքում, եթե համարի, որ դա անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու համար:
Ցուցարարների հետ առաջին բախումները տեղի են ունեցել այս գիշեր, երբ մի քանի չարագործներ իրենց մեքենաներով վրաերթի են ենթարկել ոստիկաններին, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 7 իրավապահներ վնասվածքներ են ստացել։ «Թեհրիք-ի Ինսաֆ» կուսակցությունն իրավապահներին է մեղադրել իրավիճակը սրելու համար։