ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի 11-րդ գումարման առաջին նիստում ձայների մեծամասնությամբ վերընտրվել է Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նրա թեկնածությանը կողմ է քվարկել 88 պատգամավոր։
Խորհրդարանի նիստն ընթանում է ընդդիմադիրների բողոքի ակցիայի ֆոնին. նրանք կիրակի երեկոյան հավաքվել են շենքի դիմաց և ամբողջ գիշեր անցկացրել այնտեղ:
Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատներից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները ևհրաժարվում են պատգամավորական տեղերից:
Ընդդիմադիրները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, նրանք միջազգային հետաքննություն և նոր ընտրություններ են պահանջում: