ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ. դեսպան

Աշխատանքներ են տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծերի գործարկման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. 2024 թվականի արդյունքներով Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ռեկորդային 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնել։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը անցել է 8,3 մլրդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով ամբողջ անցյալ տարվա ցուցանիշները՝7,4 մլրդ դոլար։ Ակնկալում ենք պահպանել արձանագրված տեմպերը և հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի»,-ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծերի գործարկման ուղղությամբ, որոնք կնպաստեն հայկական արդյունաբերության զարգացմանը, նոր աշխատատեղեր կստեղծեն և կավելացնեն բյուջեի հարկային մուտքերը: