ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, ներառյալ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, իրական այլընտրանք չկա։ Ռուսաստանը շարունակում է ամբողջ ծավալով կատարել Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները»,- ընդգծել է Կոպիրկինը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան հայ գործընկերների ակտիվ մասնակցությունն է ակնկալում եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման գործում:
Այս նախաձեռնությունն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ և հաստատվել է վերջերս Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար, հայտարարել, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության սահմանն անցել է։
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը: