ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի փոխզիջումների հասնելը բարդ գործընթաց է, որը ժամանակ և զգալի ջանքեր է պահանջում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուսաստանը, ընդգծել է Կոպիրկինը, անփոփոխ կերպով պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
«Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ խստորեն հավատարիմ մնալով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրին։ Այդ աջակցության ձևերն ու ծավալները որոշում են հենց կողմերը»,-նշել է նա։
Դեսպանը հավելել է, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև արդյունավետ շփումները դրական լիցք են հաղորդել հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը: