Միրզոյանը ժամանակից առաջ է ընկել` Բոտչորիշվիլիին շնորհավորելով մինչև նախարար ընտրվելը

Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նիստը նախատեսված է վաղը, որտեղ կքննարկվի Բոտչորիշվիլիի թեկնածության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո նախարարների կաբինետը դեռ չի ձևավորվել, սակայն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն շտապել է շնորհավորել Մակա Բոտչորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում «նշանակվելու» առիթով: Այդ մասին նա գրառում է արել X-ի իր էջում։
«Շնորհավորում եմ Մակա Բոտչորիշվիլիին` Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև` ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջմղման և տարածաշրջանում կայունության ապահովման համար»,– գրել է նա:
Միրզոյանի գրառումը X–ում
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նիստը նախատեսված է վաղը` ժամը 13:00–ին, որտեղ էլ կքննարկվի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Մակա Բոտչորիշվիլիի թեկնածության հարցը:
Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատներից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից:
Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել
Ընդդիմադիրները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, նրանք միջազգային հետաքննություն և նոր ընտրություններ են պահանջում: