«Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Օլիվիե Դըկոտինյի
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մատնանշել է, որ Արևմտյան Ադրբեջանի նահանգը կապ չունի Հայաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում (Իրանի հյուսիս-արևմուտքը, որտեղ ապրում են էթնիկ թյուրքեր. խմբ)։ Այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին` հրապարակելով Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը։
«Միակն ու անկրկնելին»,– հրապարակմանը կից գրել է Ֆրանսիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով քարոզում և տարածում է «Արևմտյան Ադրբեջան» թեզը` հայտարարելով, որ այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Ավելին` Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ։ Հայաստանն այս ամենը համարում է ոտնձգություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բաքվի կողմից քարոզվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը փաստացի նույնացրել էր Արևմտյան Հայաստանի հետ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում մարդիկ նեղվում են, երբ ինչ-որ մեկն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, բայց չեն մտածում այն մասին, որ ինչ-որ մեկին զայրացնում է Արևմտյան Հայաստան հիշատակումը։ Փաշինյանը հավելել էր, որ իր հայտարարությունը կարող է ընկալվել որպես հերթական դավաճանություն և ստորություն, սակայն վարչապետի կարգավիճակն իրեն պարտավորեցնում է ժողովրդին ցույց տալ պատճառահետևանքային կապերը։
Փաշինյանի հայտարարությունը դժգոհության ալիք է առաջացրել երկրի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Շատերը վարչապետի հայտարարությունը գնահատել են որպես կոլաբորացիոնիզմ։
«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար. Ոսկանյան