ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ գլխավոր դատախազությունը հայցեր է նախապատրաստում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ռուսաստանի մի շարք մարզերում խորհրդային ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Դաշնային անվտանգության, ազգամիջյան հարաբերությունների, ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների կատարման վերահսկողության վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Նիկիտինը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում «Առանց վաղեմության ժամկետի» համաժողովում՝ Նիկիտինը պարզաբանել է, որ նշված մարզերի դատախազները զբաղվում են արխիվային փաստաթղթերի որոնմամբ և գաղտնազերծմամբ, ինչպես նաև ապացույցներ հավաքում ԽՍՀՄ քաղաքացիների դեմ ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից իրականացրած հանցագործությունների մասին։
«Կալմիկիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի դատախազները լայնածավալ աշխատանք են իրականացրել ցեղասպանության մասին հայտարարություններ պատրաստելու ուղղությամբ։ Այն ներառում է արխիվային նյութերի ուսումնասիրություն և զանգվածային հանցագործությունների փաստերը հաստատող նոր ապացույցների որոնում»,- նշել է Նիկիտինը։
Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել էր, որ նացիստական հանցագործությունների փաստագրման աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի մի քանի մարզերում։
«Առանց վաղեմության ժամկետի» համաժողովը հարթակ է ԽՍՀՄ ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունների հետ կապված պատմական և իրավական հարցերի քննարկման համար։ Միջոցառմանը մասնակցում են պետական և հասարակական գործիչներ, պատմաբաններ, իրավաբաններ, արխիվների և որոնողական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի ժամանակ մշակված նախաձեռնություններն օգնում են ձևավորել հանրային գիտակցություն՝ հիմնված նացիզմի նկատմամբ անհաշտելիության վրա՝ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում։