Կալանավորվել է Կենտրոնի թաղապետարանի ևս մեկ աշխատակից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություն է տեղի ունեցել կոռուպցիոն գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik.Երևանի Կենտրոն թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Մինչ այդ, նույն վարույթի շրջանակներում կային մեղադրյալներ, որոնցից մի քանիսի նկատմամբ կալանքն ընտրվել է խափանման միջոց»,–հայտնեցին կոմիտեից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` նոյեմբերի 22-ին ձերբակալվել է կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի ևս մեկ աշխատակից (կոռուպցիոն գործով)։
Նշվում է, որ քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև մեկ այլ կոռուպցիոն գործ, որի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել առևտրի և սպասարկումների բաժնում։
Այդ գործով ձերբակալվել էր չորս անձ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։ Պաշտոնյաները կալանավորվել են։