Իրանն ու «եվրաեռյակը» 2 տարվա ընթացքում առաջին անգամ կբանակցեն միջուկային թեմայի շուրջ

Իրան
Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն մասնակցի բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Իրանը և «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) երկու տարվա ընդմիջումից հետո նոյեմբերի 29-ին Ժնևում կվերսկսեն միջուկային թեմայով բանակցությունները: Տեղեկությունը հայտնում է «Nour News» գործակալությունը։
«Իրանի և Եվրամիության ներկայացուցիչների պատվիրակությունները կհանդիպեն Ժնևում՝ 2 տարվա ընդմիջումից հետո վերսկսելու միջուկային բանակցությունները», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համաշխարհային այնպիսի խոշոր տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը, բանակցություններին չեն մասնակցի։
Գործակալությունը հայտնում է նաև, որ իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Տախտ-Ռավանչին:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: