ՀՀ–ն մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումների կեղծ նարատիվը. Բադալյան

ՀՀ արտաքին գերատեսչությունից հիշեցրել են նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ն կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող ցանկացած կեղծ նարատիվ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀ կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ»,– ընդգծեց Բադալյանը:
Նշենք, որ COP29–ի շրջանակում կազմակերպվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Ադրբեջանական մամուլում կան հրապարակումներ նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառմամբ «նյութեր» ցուցադրող ցուցահանդեսի մասին:
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բաքվի կողմից քարոզվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը փաստացի նույնացրել էր Արևմտյան Հայաստանի հետ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում մարդիկ նեղվում են, երբ ինչ-որ մեկն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, բայց չեն մտածում այն մասին, որ ինչ-որ մեկին զայրացնում է Արևմտյան Հայաստան հիշատակումը։ Փաշինյանը հավելել էր, որ իր հայտարարությունը կարող է ընկալվել որպես հերթական դավաճանություն և ստորություն, սակայն վարչապետի կարգավիճակն իրեն պարտավորեցնում է ժողովրդին ցույց տալ պատճառահետևանքային կապերը։