ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց դեմ չէ փաստաթղթերին. մշտական ներկայացուցիչ

ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ. արխիվային լուսանկար
Փաստաթղթերը կընդունվեն սահմանափակ ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, բայց Երևանը դեմ չէ, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա նախ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը (գագաթնաժողովը):
«Ցավոք, հայ գործընկերները հրաժարվել են անձամբ մասնակցել այդ միջոցառմանը։ Միևնույն ժամանակ նրանք դեմ չեն, որ բոլոր փաստաթղթերը, որոնք ենթադրվում է հաստատել, ընդունվեն այսպես կոչված սահմանափակ ձևաչափով»,– ասել է Վասիլևը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։