«Գազպրոմբանկի» UnionPay քարտերն ավտոմատ կերպով դադարել են սպասարկվել Թուրքիայում

Այս որոշումը կայացրել են UnionPay համակարգի սեփականատերերը, այսինքն՝ չինական կողմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ հայտնված «Գազպրոմբանկի» UnionPay քարտերը դադարել են ավտոմատ կերպով սպասարկվել Թուրքիայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի բանկային ոլորտից աղբյուրը։
«Այո, իրավիճակն այնպիսին է, որ «Գազպրոմբանկի» UnionPay քարտերն այլևս չեն սպասարկվում Թուրքիայում։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ բանկը հայտնվել է պատժամիջոցների ցուցակներում։ Այս իրավիճակում թուրքական ֆինանսական կազմակերպությունների համար որևէ առանձին ծանուցում չի պահանջվել և չի եկել։ Սպասարկումը դադարեցվել է ավտոմատ։ Ընդ որում, տվյալ որոշումն ընդունել են UnionPay համակարգի սեփականատերերը, այսինքն՝ չինական կողմը, որին էլ պետք է ուղղել համապատասխան հարցերը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» և նրա արտասահմանյան վեց դուստր կառույցների դեմ: «Գազպրոմբանկն» իր հաճախորդներին զգուշացրել է արտերկրում UnionPay քարտերի օգտագործման հետ կապված խնդիրների մասին: