«Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները կարող են գազի վճարման հետ կապված խնդիրներ առաջացնել

ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ «Գազպրոմբանկը» գազի մատակարարումների վճարման ռուբլով սխեմա է կազմակերպում Եվրամիության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած այլ պետությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են բարդացնել Թուրքիա ռուսական գազի մատակարարումների համար վճարումը։ Այս մասին գրում է Hurriyet թերթը։ Նյութից հատվածներ է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» և նրա արտասահմանյան վեց դուստր կառույցների դեմ: «Գազպրոմբանկն» իր հաճախորդներին զգուշացրել է արտասահմանում UnionPay քարտերի օգտագործման հետ կապված խնդիրների մասին:
Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցները կարող են բարդացնել ռուսական գազի արտահանման դիմաց վճարումները մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովակիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Իտալիայի և Ավստրիայի համար:
«Մոսկվան սկսել է վճարման այլընտրանքային եղանակներ փնտրել, սակայն ենթադրվում է, որ ճգնաժամը կարող է գագաթնակետին հասնել արդեն հունվարին»,-գրում է Hurriyet-ը:
«Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցների հարցին անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ անցած շաբաթ խորհրդարանում բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ:
«Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիա ներկրվող գազի 40 տոկոսը մատակարարվում է «Գազպրոմի» միջոցով, և հայտարարել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը ցույց է տալիս նրանց անտարբերությունը հնարավոր հետևանքների նկատմամբ»,-նշում է պարբերականը:
ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ «Գազպրոմբանկը» գազի մատակարարումների համար ռուբլով վճարման սխեմա է կազմակերպում Եվրամիության երկրների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած այլ պետությունների համար: Մեխանիզմը ենթադրում է երկու հաշիվ բացել օտարերկրյա գնորդների համար՝ արտարժույթով և ռուբլով։
ՌԴ–ի դեմ պատժամիջոցները Արևմուտքին զրկել են Արկտիկայի կլիմայի մասին տեղեկություններից. NYT
Պայմանագրի արժույթով փոխանցված միջոցները (օրինակ՝ եվրոն) փոխարկվում են Մոսկվայի բորսայում, իսկ ստացված ռուբլին մուտքագրվում է ռուբլով հաշվին։ Այդ հաշվից էլ կատարվում են «Գազպրոմի» վճարումները։
Այսպիսով, սահմանված պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել եվրոպական երկրներ և Թուրքիա մատակարարվող ռուսական գազի հաշվարկների կայունության վրա: