ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ռազմական փորձագետ Ադալյաթ Վելիևի նկատմամբ քրեական գործ է հարուցել Հայաստանի հետ սահմանին գտնվող դիրքերը նկարահանելու համար:
Քննության տվյալներով՝ Ադրբեջանի առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի» քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը, որը որպես սպա ծառայել է զինված ուժերում, լուրջ վնաս է հասցրել երկրի շահերին, պետանվտանգությանը և պաշտպանունակությանը:
Նշվում է, որ նա նոյեմբերի 22-ին սահմանամերձ տարածքներում (Խեյրիմլիի շրջան) կազմակերպված մեդիաշրջագայության ժամանակ նկարահանել և հրապարակել է սահմանապահ զորքերի տեղակայման վայրը, դրանց կոորդինատները:
Վերդիևը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի հրապարակում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով: Քննչական կոմիտեի միջնորդության հիման վրա նրան կալանավորել են։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղերի տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին, սակայն ՀՀ իշխանությունը վստահեցնում էր, որ մի մասը ադրբեջանական Խեյրիմլի գյուղի տարածքն է։
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: