ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության գծով համակարգող Ջոն Քիրբին հաստատել է, որ Ուկրաինան թույլտվություն ունի օգտագործելու ամերիկյան հեռահար «ATACMS» հրթիռները Կուրսկի մարզին և դրա շրջակայքին հարվածելու համար՝ բացատրելով դա ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ։ Այս մասին նա լրագրողներին ասել է ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հենց հիմա նրանք հնարավորություն ունեն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում օգտագործել «ATACMS»-ը ինքնապաշտպանության նպատակով: Եվ հենց հիմա, գիտեք, պարզ է, որ դա այն է, ինչ տեղի է ունենում Կուրսկի և Կուրսկի մարզի շուրջ», - ասել է Քիրբին:
Քիրբին խոստովանել է, որ ԱՄՆ վարչակազմն իսկապես փոխել է ուկրաինական զորքերի կողմից «ATACMS» հրթիռների կիրառման հնարավորությունների ուղեցույցը «թիրախի կոնկրետ տեսակները» խոցելու համար՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ուղերձով, որում հայտարարել էր, որ Ուկրաինան նոյեմբերի 19-ին հարվածներ է հասցրել Կուրսկի և Բրյանսկի մարզերին՝ կիրառելով ամերիկյան «ATACMS» և բրիտանական «Storm Shadow» հեռահար հրթիռները։
Ի պատասխան ամերիկյան և բրիտանական զենքերի կիրառման՝ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը համակցված հարված հասցրեց ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին` Դնեպրոպետրովսկում խոցվեց հրթիռային տեխնիկա և զենք արտադրող խոշոր արդյունաբերական համալիրը։
Մարտական պայմաններում փորձարկվեց նաև ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկը՝ «Օրեշնիկը», տվյալ դեպքում՝ միջուկազերծ գերձայնային կահավորմամբ բալիստիկ հրթիռով։