Ուղեբեռի փականները կոտրել են, իրեր գողացել․LOT-ից տուժածներ

Sputnik
Արդեն մոտ 3 շաբաթ է՝ «ԼՈՏ լեհական ավիաուղիներ» ընկերությունից օգտված մի քանի տասնյակ ուղևորներ բողոքում են, որ իրենց ուղեբեռը վնասվել է, փականները կոտրել են, ճամպրուկի պարունակությունը տակնուվրա են արել, ուղեբեռից իրեր գողացել։ Բողոքողները Երևան են ժամանել տարբեր երկրներից, բոլորի դեպքում տարանցիկ չվերթը Վարշավայով է եղել։
Նանե Հայրապետյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով է ժամանել, օդանավակայանում ճամպրուկը ստանալիս տեսել է, որ կողպեքը չկա, փականը վնասված է։
«Բացեցի ու տեսա, որ ամբողջովին խառնված են իրերը։ «Lost and found»-ում դեկլարացիա լրացրեցի՝ 3 օծանելիք, շրթներկ և կրեմ։ Արդեն տանը հասկացա, որ ևս 3 օծանելիք չկա, պարզապես օդանավակայանում և՛ շփոթված էի, և՛ ամբողջ գիշեր չէի քնել, դրա համար սկզբում չէի նկատել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Նանեն` նշելով, որ ընդհանուր 400 եվրոյի վնաս է կրել։
Օդանավակայանում իրեն մոտեցել է մի կին, որը Երևան է ժամանել Լոնդոնից՝ կրկին Վարշավայով տարանցիկ չվերթով, նա ևս բողոքել է, որ իր ճամպրուկը բացվել է։Ըստ սահմանված կարգի՝ Նանեն նաև բողոք է լրացրել «ԼՈՏ»-ի պաշտոնական կայքում։
Էդգար Ամիրխանյանն էլ գործընկերների հետ երեկ է վերադարձել Վարշավայից՝ կրկին «ԼՈՏ Լեհական ավիաուղիներով»։ Թե՛ իր, թե՛ մյուս գործընկերների ճամպրուկները բացված են եղել, իրերը` տակնուվրա արված։
Եվա Թովմասյանը Վարշավայից Երևան էր վերադառնում նոյեմբերի 8-ին, ուներ միայն ձեռքի ուղեբեռ։ Օդանավակայանում առաջարկել են առանց լրացուցիչ վճարի հանձնել ձեռքի պայուսակը։ Եվան ձեռքի ուղեբեռից վերցրել է տաք հագուստ, հիգիենայի պարագաներ ու հանձնել պայուսակը։
«Երբ Երևանում ստացա ուղեբեռս, միանգամից բացեցի ու տեսա, որ խառնած է։ Ճամպրուկի այն մասը, որ շղթայով փակվում է, բացված է։ Միանգամից փնտրեցի տուփով զարդերս․ թանկարժեք բաներ չէին, բիժուտերիա էր, տեսա, որ 1 շղթա ու մատանի չկան»,- ասաց Եվան։
Եվան նշում է՝ ամեն հաջորդ չվերթից հետո նոր պատմություններ են ավելանում։ Նա փորձում է բոլոր տուժողներին միավորել իրենց բողոքը միասնաբար բարձրացնելու համար։ Արդեն նամակ են պատրաստում ուղարկել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որ կոմիտեն այն ուղղորդի ավիաընկերությանն ու նամակագրություն սկսվի։ «Ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հավուր պատշաճի պարզաբանում կպահանջի ավիաընկերությունից։ Ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ այս պատմության մեջ, օրենքով չարգելված ցանկացած գործիքից օգտվել, ընդհուպ դիմել լեհական ոստիկանությանը, դատական կարգով շարունակել իմ իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծեց Եվան։
Passenger.am հարթակի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ արդեն բազմաթիվ բողոքներ են ստացել ՀՀ քաղաքացիներից, որոնք բոլորն էլ օգտվել են «ԼՈՏ»-ից։