Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել բանակի կերպափոխման հիմնական ուղենիշների հայեցակարգը, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է անցում արհեստավարժ բանակի։ Փաստաթղթում նշվում է, որ զինծառայության ժամկետը կկրճատվի ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։
Պայմանագրային զինվորական ծառայությունը արհեստավարժության ապահովման առումով ենթադրում է առավել նպաստավոր նախադրյալներ, քան պարտադիր զինվորական ծառայությունը, այն վարձատրվում է, շուրջօրյա չէ, գործում են սոցիալական ապահովության և շահագրգռելու առավել բարենպաստ պայմաններ։
Ուստի, պայմանագրային զինվորական ծառայողների արհեստավարժության աստիճանի բարձրացմանը զուգահեռ մեկնարկել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցման մեխանիզմը, որն ապահովում է հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով։
Այդ անցումը նախատեսվում է իրականացնել զինված ուժերի զարգացման տեսլականին զուգահեռ, փուլային եղանակով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը զուգահեռ՝ մինչև 2027 թվականը։
«Ներկայում մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում: