«Շատ բան ունեմ պատմելու»․ Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագը վստահ է՝ երիտասարդ մնալու և լավ խաղալու համար պետք է լավ քնել և ճիշտ սնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Այս մասին Մխիթարյանը պատմել է իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում։
«Դեռ նոր եմ սկսել, շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- նշել է ֆուտբոլիստը։
Նա հայտնել է նաև, որ սիրում է գիրք կարդալ ու այժմ էլ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականն է կարդում, մինչ այդ էլ ավարտել է մի գիրք, որտեղ խոսվում էր կյանքում 5 կարևոր նպատակի մասին։
Մխիթարյանը հարցազրույցում խոսել է նաև իր երիտասարդ մնալու գաղտնիքի մասին, քանի որ նա այժմ թիմի տարիքով ավագ խաղացողներից է։
«Ամեն ինչ չեմ բացահայտի (ժպտում է – հեղ․)։ Փորձում եմ լավ քնել, ճիշտ սնվել՝ խուսափելով գլյուտենից, շաքարից, լակտոզայից՝ մեր սննդաբան Պինչելլայի խորհրդով։ Կա նաև գլխավոր կողմը՝ լավ մարզվելը»,- ասել է նա։
«Ինտերի» կիսապաշտպանից հետաքրքրվել են` արդյոք չի ազդում իր հոգեբանության վրա այն, որ եթե վատ խաղա, կարող են ասել՝ ծեր է։ Վստահեցրել է՝ բավականաչափ հանգիստ և խելացի է դա հասկանալու համար, իսկ տարիքը միայն թիվ է, եթե խաղը չեն հաղթում, ապա պատճառը տարիքը չէ։