ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա լրատվամիջոցներում հայտնվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե Երևանը սպառազինություն է ձեռք բերում ու դրա վերաբերյալ բանակցություններ վարում։
Նշվում է, որ նմանատիպ հաղորդագրությունները շատ արագ տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:
«Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է` նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկության տարածման վերաբերյալ խորհրդարանում հերթական նիստի ժամանակ իր կարծիքն էր հայտնել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԶՈւ-ն այսօր դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը և ՊՆ-ին խորհուրդ տվել՝ տարբեր երկրների հետ պայմանագրեր կնքելիս գրվի, որ այդ մասին հրապարակումն արգելվում է։