ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին առևտուրն ու ինտեգրումը եվրասիական մատակարարման շղթաներին առաջիկա տարիներին կդառնան լոգիստիկ շուկայի շարժիչ ուժերը։ Սակայն որակյալ մասնագետների պակասը և ոլորտում աշխատավարձերի ցածր լինելը զսպում են Հայաստանում լոգիստիկ ոլորտի արդյունավետ զարգացումը։ Այս մասին ասվում է միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանի հոդվածում:
Հայաստանը՝ որպես եվրասիական լոգիստիկայի բաղադրիչ
Ըստ «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» տվյալների՝ 2024-ի երրորդ եռամսյակում հարթակում նկատվել է Հայաստան բեռների առաքման հայտերի զգալի աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նման հայտերի թիվն աճել է 20%-ով։ Առավել դինամիկ է փոխադրումների պահանջարկը Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։
«Հայաստանի լոգիստիկ ոլորտը, ինչպես շատ այլ երկրների, կադրերի պակասի պատճառով բախվում է լուրջ մարտահրավերների։ Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում խնդիրներ կան՝ կապված վարորդներ, լոգիստներ և պահեստների աշխատողներ վարձելու հետ։ Այս խնդիրներն ավելի արդիական կդառնան, երբ Հայաստանը դառնա անդրազգային լոգիստիկ երթուղիների մի մասը»,- նշվում է հոդվածում։
Որակյալ մասնագետների պակասի հիմնական պատճառներից մեկը երկրի համալսարաններում համապատասխան ուսումնական ծրագրերի բացակայությունն է:
Լոգիստիկայի ավտոմատացում. միջազգային փորձը և ուղիները Հայաստանի համար
Մկրտչյանն ընդգծում է, որ ԵԱՏՄ երկրներում լոգիստիկայի օպտիմալացման և կադրերի պակասի պայմաններում արդյունավետության բարձրացման համար կարելի է կենտրոնանալ միջազգային փորձի վրա, որը ցույց է տալիս մի շարք առանցքային լուծումների ներդրման անհրաժեշտությունը: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ Հայաստանում այդ ծառայություններից շատերը դեռևս բացակայում են։
Այսպիսով, եթե երկիրը որոշի հետևել լոգիստիկայի ավտոմատացման ուղուն, ապա պետք է իրականացնի հետևյալ լուծումները.
1.
Փոխադրման արժեքի հաշվարկման օպտիմալացում: Լոգիստիկ ծառայությունները, որոնք օգտագործում են ալգորիթմներ փոխադրման արժեքը ավտոմատ կերպով հաշվարկելու համար, թույլ են տալիս կրճատել պատվերի միջին գինը որոշելու ժամանակը, ինչը նվազեցնում է աշխատողների բեռը: Բացի այդ, նման վերլուծությունն առաջարկում է իսկապես արդիական տվյալներ, որոնք հաշվարկվում են արդեն կատարված հազարավոր գործարքների կամ տեղադրված հայտերի ուսումնասիրության հիման վրա:2.
Կապալառուների ընտրություն «ամպային» ծառայությունների միջոցով: Ավտոմատացված հայտերն առցանց հարթակներում հնարավորություն են տալիս բեռների սեփականատերերին գտնել համապատասխան կապալառուներ՝ առանց շատ ժամանակ ծախսելու: Կատարողի ընտրության և գնահատման գործընթացը կարգավորվում է հաճախորդի ցանկությունների, նրա բեռի և բիզնեսի առանձնահատկությունների համաձայն: Բացի այդ, հարթակում աշխատող ընկերությունը կարող է արագ համալրել ստուգված փոխադրողների բազան՝ խուսափելով ինտերնետից ժամանակատար տվյալների հավաքագրման անհրաժեշտությունից:3.
Տրանսպորտի անվտանգություն։ Պլատֆորմները կարող են նվազագույնի հասցնել խարդախության ռիսկերը՝ վերլուծելով ծառայության մեջ ընկերությունների գործունեությունը, այդ թվում՝ դրա համար օգտագործելով արհեստական բանականություն: Լոգիստիկ համակարգը ունի նաև մի շարք գործիքներ, որոնք թույլ են տալիս ստուգել կոնտրագենտին, պարզել նրա վարկանիշը, ծանոթանալ արձագանքներին և նրա գործունեության ամբողջ պատմությանը։ «Ձեռքով» նման հետաքննություն անցկացնելը բավականին ժամանակատար է։4.
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն (ԷՓ): Հայաստանում դեռևս լայն տարածում գտած լուծում չկա, թեև ԷՓ-ն այսօր զգալիորեն օպտիմալացնում է ընկերությունների և պետական հաստատությունների միջև փաստաթղթերի փոխանակումը, կրճատում է տվյալների մշակման ժամանակը և նվազագույնի հասցնում սխալները: Պետական հաստատությունների միայն մի մասն է դա օգտագործում ներքին կարիքների համար, դա սահմանափակում է բիզնեսի և պետական կառույցների փոխգործակցությունը։5.
Անձնական հաշիվը՝ որպես տրանսպորտի կառավարման համակարգ: Պլատֆորմի յուրաքանչյուր անդամ ունի անձնական հաշիվ: Այնտեղ պահվում են պատվերների, գործընկերների և փաստաթղթերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Օգտագործողները փոխադրման գործընթացում կարող են շփվել այլ մասնակիցների հետ և ավտոմատ ռեժիմով ստեղծել հաշվետվություններ:Լոգիստիկ հարթակները չեն պահանջում երկար իրականացվող նախագծեր և մեծ ներդրումներ․ բազմաթիվ օգտակար գործառույթների հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն գրանցվել և ձևակերպել մասնակցի պրոֆիլը:
Դառնալով նման հարթակի մասնակից՝ դուք կարող եք սկսել, օրինակ, կապալառուի կամ բեռի որոնումից, այնուհետև աստիճանաբար ավելացնել նոր ծառայություններ՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից մինչև վերլուծական գործիքներ։ Միևնույն ժամանակ, ավանդական ՏՏ նախագծերի ռիսկերն այստեղ չկան․ կապիտալ ներդրումներ պետք չեն, ծառայությունները վճարվում են բաժանորդագրության մոդելի համաձայն, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հեշտությամբ անջատվել:
«Հայաստանը ջանքեր է գործադրում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային գծերի զարգացման ուղղությամբ, որոնց զարգացման պայմաններում կարելի է ակնկալել միջազգային բեռնափոխադրումների հետագա աճ: Հայաստանի պետական կարևոր նախաձեռնությունների զարգացման համար արժե ուշադրություն դարձնել համաշխարհային միտումներին․ դրանք արդիական են նաև մեզ համար»,- եզրափակում է Մկրտչյանը։
Լոգիստիկ պլատֆորմների համաշխարհային շուկան մինչև 2030թվականը տարեկան կաճի 15%-ով: Սա խոսում է ընկերությունների ավտոմատացման բարձր անհրաժեշտության և արդյունաբերության մեջ ձեռքի աշխատանքի մասնաբաժնի կրճատման մասին:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2024-ի ութ ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,6%-ով, իսկ արտահանումն աճել է 2,1 անգամ։ Հայաստանից այլ երկրներ ապրանքների առաքման հայտերի քանակն աճել է 11%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 62%-ով։ Առավել ակտիվ ուղղություններն են Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը և Ղազախստանը: