ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Լիբանանցի զինծառայող է զոհվել, ևս 18 մարդ վիրավորվել են լիբանանյան անցակետին իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին Լիբանանի բանակը հայտնել է X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Լիբանանի փրկարար ծառայության աղբյուրը հայտնել էր, որ Տյուր քաղաքից հարավ գտնվող լիբանանյան բանակի անցակետը խոցվել է իսրայելական հրետանու կողմից։
«Ալ-Ամրուսիայում իսրայելական հարձակման հետևանքով մեկ զինվոր է զոհվել, 18-ը՝ վիրավորվել, օբյեկտը լրջորեն տուժել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավային հատվածում ցամաքային օպերացիա է իրականացնում «Հզբոլլահի» դեմ և շարունակում օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիաների շարժման առաջնորդները, ավելի քան 1 մլն մարդ փախստական է դարձել։ «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը։