ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականին միայն պաշտոնական տվյալներով 65 մարդ է տարբեր վնասվածքներ ստացել Լոռու մարզի հայտնի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում։ Այս տվյալները ներկայացրել է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
«Փրկարար ծառայությունում 2023 թվականի ընթացքում Լոռու մարզի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռում գրանցվել է 37 դեպք, ինչից տուժել է 52 մարդ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 51 դեպք, ինչից տուժել է 65 մարդ»,- ասված է պատասխանում։
Քաղաքացիները հիմնականում վնասվածքներ են ստանում, երբեմն՝ ստորին վերջույթների կոտրվածքներ։ Փրկարարներն էլ ստիպված են լինում մարդկանց պատգարակով իջեցնել բլրից՝ ավելի քան 100 մետր բարձրությունից։
Նշենք, որ սրանք միայն գրանցված պաշտոնական տվյալներ են, հասկանալի է, որ նման դեպքերը, ինչպես նաև փրկարարներին չզանգահարած տուժածները մի քանի անգամ ավելի շատ են:
Մատուռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին՝ դժվարամատչելի բլրի վրա, Հարթագյուղի հարևանությամբ: Այն վաղուց վերածվել է ուխտատեղիի. հավատացյալները կարծում են, որ այս վայրը բուժում է և ցանկություններ է կատարում: