ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Հայաստանին և Վրաստանին կովկասյան դերբի է սպասվում Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում, իսկ երկու հարևանների սպորտային դիմակայությունը պետք է հետաքրքիր լինի: Այս մասին հայտարարել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը` մեկնաբանելով ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը կխաղա հարևանների հետ: Հանդիպումները կկայանան 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին:
«Լավ է, որ ստիպված չենք լինի երկար թռիչքներ ունենալ։ Դրանք կլինեն մեր վերջին պաշտոնական հանդիպումները աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկից առաջ, և ես հույս ունեմ, որ մենք խաղի բարձր մակարդակ ցույց կտանք»,-ասել է Սանյոլը:
«Короче - это спорт» Տելեգրամ-ալիքը հայտնում է, որ նախկինում Հայաստանի և Վրաստանի հավաքականները հանդիպել են 7 անգամ: Առավելությունը վրացական թիմի կողմն է. նա հաղթել է երեք անգամ, Հայաստանը` երկու անգամ։ Եվս երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Հատկանշական է, որ ընդամենը երկու պաշտոնական խաղ է եղել` կրկին Ազգերի Լիգայում. այն ժամանակ առավելությունը հայկական կողմինն էր (2: 2 և 2:1):