ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հիմնական ուղերձն այն էր, որ վարչապետն ինքն իրեն ուղղված հարցեր այլևս չունի. եկել է հարցեր տալու ժամանակը։ Այսինքն հասկացրեց, որ իր թիմին պահելու է շանտաժի ու ցուցումների մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Մեր դիտարկմանը` իսկ ինչպե՞ս կարձագանքի թիմն այդ մոտեցմանը, քաղաքագետը պատասխանեց.
«Ուսապարկերը չեն արձագանքում, սպասում են իրենց դեն նետելու պահին»։
Ըստ Սուրենյանցի` այս ենթատեքստում է պետք դիտարկել նաև վերջին շրջանի պաշտոնանկությունների շարքը։ Սուրենյանցի կարծիքով` Փաշինյանը որոշել է պաշտոնյաներին այդ մասին տեղեկացնել sms–ների միջոցով, որպեսզի կոմպրոմատ ունենա։
«Այսինքն` եթե ինչ–որ մեկը փորձի հերքել, ինքը գրավոր ապացույց կունենա, ինչպես նա դա արեց, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ վեճ եղավ։ Չնայած դա կառավարման ձև չէ, դա հակաօրինական է, երբ նա sms–ներ է ուղարկում Աժ պատգամավորներին և ԲԴԽ նախագահին»,– ընդգծեց քաղաքագետը։
Ըստ նրա` դրանով ՀՀ վարչապետը խախտել է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ։
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր. մարդը բացահայտորեն ասում է` ես թքել եմ Սահմանադրության վրա։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի հասկացել, որ դեմագոգիայի ու պոպուլիզմի իր պաշարն արդեն սպառման եզրին է»,– նշեց Սուրենյանցը։
Այս պարագայում, նրա խոսքով, ԱԺ–ն պարտավոր է իմպիչմենտի գործընթաց սկսել։
Փաշինյանի քայլերում քաղաքագետն արտահերթ ընտրությունների անցկացման հեռանկար չի տեսնում, թեև կարծում է, որ հերթական ընտրությունների նախապատրաստում կա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք առանցքային թեմաների. նա խոստովանեց, որ գերատեսչությունների ղեկավարներին իրենց պաշտոններից ազատման մասին տեղեկացրել է sms–ով, երկու պատգամավորի էլ հորդորել մանդատները վայր դնել։ Բացի այդ, նա նշեց, թե ում է նշանակելու ՔԿ նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի փոխարեն։ Վարչապետը նաև զուգահեռներ անցկացրեց Արևմտյան Հայաստանի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» միջև, խոսեց խաղաղության պայմանագրից, ՀՀ սահմանազատված հատվածներից դիտորդներին հանելուց, չբացառեց միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը։