Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ հարյուրավոր ռուսաստանցիներ ամեն օր պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում զորահավաք անցկացնելու մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա»,-ասել է նա:
Պեսկովը նշել է, որ հարյուրավոր ռուսաստանցիներ ամեն օր պայմանագրեր են կնքում ՌԴ պաշտպանության նախարարության հետ:

«Մեր քաղաքացիները շատ ակտիվ պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ, գնում են պայմանագրային հիմունքներով ծառայելու... նրանք շատ են, հարյուրավոր մարդիկ ամեն օր պայմանագրեր են ստորագրում և գնում հատուկ ռազմական գործողության գոտի»,-ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` սկզբում պայմանագրային զինծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնում, նրանց մանրակրկիտ պատրաստում են:
«Այդ պատճառով հիմա մոբիլիզացիայի մասին խոսելու կարիք չկա»,-հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։