ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր Ղրիմի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: