ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր առավել քան երբևէ` համալրման խնդիրը հրատապ է: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա իր գրառման մեջ նշել է, որ իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է «Անցում արհեստավարժ բանակի»:
Աբրահամյանի խոսքով` հայեցակարգի առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի` պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը, և դա պետք է իրականացվի փուլային տարբերակով` հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով, և որպես ժամկետ է սահմանված 2027 թվականը:
«Այս միտումների ու տեմպի պարագայում պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն ոչ միայն չի ունենալու, այլ ենթադրաբար նոր` խոշոր ռեսուրսներ պետք է ուղղի համալրման խնդիրը ինչ-որ ձևով լուծելու ուղղությամբ»,– գրել է նա:
Ըստ պատգամավորի` կառավարության ընդունած այս ծրագրերն ու մեխանիզմները ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
Աբրահամյանի խոսքով` իշխանությունն այս հայեցակարգում 2 նպատակ է սահմանել:
«Սա առաջին հերթին ունի նախընտրական համատեքստ և նախատեսված է 2026 թ. ընտրությունների ժամանակ որպես հանրային առումով զգայուն հարց շահարկման դնելու համար, ինչպես արեց 2021 թվականին»,– նշել է պատգամավորը:
Երկրորդ և առավել վատ վարկածը, ըստ նրա, կապված է Ադրբեջանի` ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջի հետ, ինչը ենթադրում է սպառազինության, զինտեխնիկայի և բանակի թվակազմի կրճատում:
«Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը խաղաղության պայմանագիր կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու»,– ընդգծել է Աբրահամյանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, որով, մասնավորապես, նախատեսվում է մինչև 2027 թ–ն կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Միաժամանակ կավելացվի պայմանագրային զինծառայողների թիվը։ Պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու մեխանիզմը կապահովվի հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով: Այդ անցումը նախատեսվում է իրականացնել մինչև 2027 թվականը։