ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 23–ին, 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել օկուպացված Արցախի Բերձոր (Լաչին) քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկրաշարժի մասին հաղորդում է նաև ՀՀ ՆԳՆ–ն` որպես էպիկենտրոն նշելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքը։
«Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում (հյուսիսային լայնության 39․79⁰ և արևելյան երկայնության 46.63⁰ աշխարհագրական կոորդինատներով) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՀՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։