Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը մեկնաբանել է որոշ արևմտամետ ուժերի նախաձեռնությունը, որոնք ստանձնել են Հայաստանը դեպի ԵՄ «առաջնորդելու» գործը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում պնդել, թե Հայաստանի` ԵՄ–ին անդամակցելու հարցում հանրային կոնսենսուս կա։ Նա այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Եվրոպական խորհրդարանի իր ելույթի լեյտմոտիվը հետևյալն էր` ՀՀ Եվրոպային կլինի այնքան մոտ, որքան Եվրոպան մոտ կթողնի։
«Իմ այդ ելույթը սոցիալական ցանցերում երբևէ ամենամեծ տարածում և արձագանք գտած ելույթն է։ Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա,որովհետև նման բան ասելու համար պետք է վիճակագրություն լինի, բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա և ստացվում է, որ ես եմ այդ օրակարգն առաջարկել ՀՀ–ին և ԵՄ–ին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` հանրային արձագանքն այնքան համաձայնության տրամաբանության մեջ էր, որ ինքը վստահ էր` 50 հազար ստորագրություն կհավաքվի։
«Այժմ էլ շատ մեծ զգացում ունեմ, որ 300 հազար էլ կհավաքվի»,–ասաց նա։
Փաշինյանը նաև ընդգծեց, տրամաբանական չի համարում նախագիծը մերժելը, թեև կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել, ավելին` իր ելույթը, ըստ էության, պատասխան չի ստացել ԵՄ երկրներից։
«Մենք դա կքննարկենք, հետո ես իմ կարծիքը կհայտնեմ»,- հավելեց նա։
Հիշեցնենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար ստորագրահավաք իրականացվեց այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին։ Հոկտեմբերի 25-ին արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։
Նախաձեռնության հեղինակները պատրաստվում են նախագիծը ներկայացնել ԱԺ, բայց եթե պատգամավորները հավանություն չտան, ապա, ըստ օրենսդրության, նրանք պետք է նոր ստորագրահավաք անցկացնեն հարցը հանրաքվեի դնելու համար։ Բայց այդ դեպքում արդեն 300 հազար ստորագրություն կպահանջվի։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան ԵՄ–ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ է տեսնում, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորումից: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանին ձգտում են դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել նրա` անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը: Զախարովան միևնույն ժամանակ հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ հայ գործընկերների նպատակային աշխատանքը Հայաստանի սուվերեն իրավունքն է: Նա ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը չեն քննարկել այդ հարցը, բայց չի կարծում, որ այդ բանակցությունները բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի վրա:
ՀՀ ԿԸՀ–ն սկսել է ստուգել ԵՄ–ին անդամակցելու համար հավաքված ստորագրությունները