Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգում բարձիթողի վիճակ է.Վարսանյան

Sputnik
Մի շարք դեղատների սեփականատերեր նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հանձնարարել պատկան մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որն, ըստ դեղատների սեփականատերերի, կարող է հասցնել սնանկացման եզրին։
Համապատասխան օրենքում վերջերս իրականացված փոփոխության համաձայն՝ որոշակի դեղերի բացթողումը կարող է արվել միայն էլեկտրոնային դեղատոմսերի առկայության պարագայում: Ըստ դեղատնային գործունեություն իրականացնողների` դեղերի բացթողնման էլեկտրոնային համակարգը փաստացի չի գործում։
Բացի այդ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սկսել է 5000 դրամ տուգանք կիրառել իրացված յուրաքանչյուր հատ դեղի համար։ Արդյունքում, դեղատան համար հնարավոր տուգանքի չափը հասել է աստղաբաշխական թվերի, տարակուսած են դեղատների սեփականատերերը։
«Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգում բարձիթողի վիճակ է».-Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցնում է «Վագա-ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։