Գազայի հատվածում, որտեղ հարյուրհազարավոր մարդիկ տառապում են պարենի խիստ պակասից, սաստիկ սով է մոլեգնում: Դեռևս 2024 թվականի հուլիսին ՄԱԿ-ը հրապարակավ հայտարարեց, որ սովը տարածվել է ամբողջ անկլավում։
Ճգնաժամը ստեղծվել է հիմնականում Իսրայելի իրականացրած տոտալ շրջափակման հետևանքով։ Իրավիճակը բարդացել է առանց այդ էլ փոքր ծավալով մարդասիրական օգնության տրամադրման ընդհատումների և խափանման պատճառով։
Օգնություն տրամադրելիս հսկայական հերթեր են գոյանում, սակայն մթերք ոչ բոլորին է հասնում։
Գազայում սովից մահանալու ստույգ տվյալներ դեռ չկան, սակայն տեղեկություններ կան թերսնուցումից տասնյակ երեխաների մահվան մասին:
ՄԱԿ-ի հատուկ կոմիտեն կարծում է, որ Գազայում իրականացվող իսրայելական գործողություններում ցեղասպանության հատկանիշներ կան: ՄԱԿ-ում հիշեցրել են, որ պատերազմի հենց սկզբից Իսրայելի իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով պաղեստինցիները զրկվում են կենսական անհրաժեշտություն ունեցող սննդից, ջրից, վառելիքից: Համաշխարհային կազմակերպության հատուկ կոմիտեում նշել են, որ Իսրայելը շարունակում է նպատակաուղղված կերպով պարենային ճգնաժամ առաջացնել՝ սովը դարձնելով պատերազմի և պաղեստինցիների կոլեկտիվ պատժի մեթոդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։