ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգի սերիական արտադրություն է սկսվում։
Պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր երեկոյան, նա նշել է, որ համակարգը ստեղծվել է ՌԴ մասնագետների ժամանակակից մշակումների հիման վրա և խորհրդային տեխնոլոգիաների արդիականացում չէ:
««Օրեշնիկը» եզակի համալիր է, որն աշխարհում նմանը չունի... Այսօրվա դրությամբ չկան միջոցներ, որոնք կարող են որսալ այս հրթիռային համակարգը: Համալիրի փորձարկումները կշարունակվեն, այդ թվում՝ մարտական պայմաններում, ինչը թույլ կտա գնահատել դրա հնարավորությունները՝ կախված Ռուսաստանի համար ստեղծվող սպառնալիքների բնույթից», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա հավելել է, որ արդեն առկա է «Օրեշնիկ» համակարգերի պաշար, իսկ սերիական արտադրությունը կապահովի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մատակարարումները: Պուտինը շեշտել է` այս հրթիռային համակարգը զանգվածային ոչնչացման միջոց չէ, այլ բարձր ճշգրտության զենք
Նա չի բացառել, որ այլ երկրներ ևս կարող են «Օրեշնիկի» նման համակարգեր ստեղծել, բայց այսօր որևէ մեկը նման զենք դեռ չունի։
«Այո՛, վաղ թե ուշ նման բան կհայտնվի նաև այլ առաջատար երկրներում. մենք գիտենք, թե ինչ մշակումներ են այնտեղ արվում։ Բայց դա կլինի վաղը կամ մեկ–երկու տարի հետո: Իսկ մենք այսօր ունենք այդ համակարգը։ Եվ դա կարևոր է: Մենք շարունակելու ենք զարգացնել նման համակարգերը, քանի որ դրանց նշանակությունը երկրի պաշտպանության համար հնարավոր չէ գերագնահատել», — ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինը հատուկ նշել է, որ նման մակարդակի մշակումները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։ Ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ռազմական հատուկ գործողության առաջադրանքների հաջող կատարումն ուղղակիորեն ազդում է երկրի ապագայի վրա։
«Ռուսաստանի ուժերն ամեն օր ավելացնում են գրոհային ներուժը։ Զինված ուժերը գործում են գրագետ, արիաբար և պրոֆեսիոնալ», - հայտարարել է նա։
Հիշեցնենք` երեկ Պուտինը հայտնեց, որ միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկումներն ավարտվել են։ Գործողությունների շրջանակում ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում խոցել են խոշոր արդյունաբերական օբյեկտ, որը կապված է հրթիռային տեխնիկայի արտադրության հետ:
Նախագահն այս ձեռքբերման կապակցությամբ այսօր շնորհավորել է պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարությանը և ընդգծել, որ նման մշակումներն առանցքային դեր են խաղում Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում: